Երեւանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը ընկերություն է անում թե Ռուբեն Հայրապետյանի, թե Սարիբեկ Սուքիասյանի հետ, բայց դա իրեն չի խանգարում կատարել օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այդ մասին լրագորղների հետ հանդիպմանը փետրվարի 19-ին հայտարարել է Ներսես Նազարյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե ինքն ու ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն են կանգնած «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումների ետեւում:

«Ոչ ոք չի կարող ասել, որ Սուքիասյան ընտանիքի հետ վատ եմ եղել: Ինչքան ընկեր եմ Ռուբեն Հայրապետյանի հետ, այնքան էլ Խաչատուր Սուքիասյանի եւ Սարիբեկ Սուքիասյանի հետ»"- նշել է Նազարյանը՝ ներկայացնելով ոստիկանության պաշտոնական վարկածը, թե ՍԻԼ Կոնցեռնում հանցագործություն է եղել , ոստիկանությունն էլ արձագանքել է: «Չեմ ցանկանում չակերտները բացել, բայց նրանց ընտանիքի հետ շատ մեղմ են վարվել»,- բազմանշանակ հայտարարեց գեներալը:

Նշենք, որ Սարիբեկ Սուքիասյանին ձերբակալել էին փետրվարի 12-ին՝ մահվան սպառնալիքի տակ ոմն Գոռ Դավթյանից ստորագրություն կորզելու մեղադրանքով, սակայն փետրվարի 15-ին ազատ էին արձակել` քաղաքից չհեռանալու ստորագրությամբ, առանց մեղադրանք առաջադրելու:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008թ. նախագահական ընտրություններին բացահայտ աջակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մարտի 1-ի դեպքերից հետո նա մեկուկես տարի գտնվում էր հետախուզման մեջ: