Ապրիլի 2-3-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում է գտնվել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցությունն է 28+Հայաստան ձեւաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական եւ գործընկերության կոմիտեի նիստին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում 2012թ. ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղապահության, կրթության, կադրերի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտներում իրականացված բարեփոխումներին:

Պատվիրակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պատվիրակներին է ներկայացրել նաեւ բրիֆինգ «ՀՀ պաշտպանական համակարգում բարեվարքության ամրապնդումը» նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ: