ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը կայունացել է հիվանդանոցում թոքերի բորբոքումից բուժվելուց հետո: Այս մասին այսօր հաղորդել է ՀԱՀ գործող նախագահ Ջեկոբ Զումայի աշխատակազմը:
«Բժիշկները հաղորդել են, որ Մանդելայի վրա դրական են ազդել բուժումները եւ նրա վիճակը համեմատաբար լավացել է 2013 թվականի մարտի 27-ին հոսպիտալացվելուց հետո: Նրան տեսակցում են հարազատները եւ բժիշկները առաջընթաց են արձանագրել»,- ասվել է հաղորդագրության մեջ:
Նոբելյան մրցանակակիր ու ապարտեիդի դեմ պայքարի մարտիկ 94-ամյա Մանդելան հոսպիտալացվել է անցած հինգշաբթի` թոքերի բորբոքման ախտանիշով: Բժիշկները մաքրել են թոքերում կուտակված հեղուկը եւ հիմա նա ազատ է շնչում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ապարտեիդի ռեժիմի օրոք 27 տարի ազատազրկված Մանդելան հիվանդ է եղել տուբերկուլյոզով: Անցյալ տարվա վերջին նա հոսպիտալացվել է թոքերի բորբոքման ախտանիշով եւ հիվանդանոցում անցկացրել երեք շաբաթ: Բացի այդ, նրան վիրահատել են` աղիքներից քարերը մաքրելու համար:
Պետության նախկին ղեկավարն արդեն ավելի քան երկու տարի հասարակության մեջ չի երեւում: Վերջին անգամ նա հասարակական միջոցառման մասնակից է եղել ՀԱՀ-ում անցկացվող 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:




























