Երեքշաբթի երեկոյան Հնդկաստանի Ութար Փրադեշ նահանգում անհայտ անձինք չորս քույրերի վրա ծծմբաթթու են լցրել: Մոտոցիկլետով երկու հանցագործներ աղջիկների վրա են հարձակվել դպրոցից վերադառնալու ճանապարհին, որտեղ վերջիններս դասավանդում էին, եւ նրանց երեսին ծծմբաթթու են  լցրել, հաղորդում է LifeNews.ru-ն:

Քույրերից ամենակրտսերն ամենածանր այրվածքներն է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են Դելիի հիվանդանոց: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը:

Տուժածներից ոչ մեկը հարձակվողներին չի ճանաչել: Նրանց դրդապատճառներն անհայտ են: Իշխանություններն այդ գործով դեռ ոչ ոքի չեն ձերբակալել:

Հիշեցնենք, որ Հնդկաստանում հաճախակի են դարձել տեղի բնակչուհիների եւ զբոսաշրջուհիների նկատմամբ բռնության դեպքերը: Ամենամեծ իրարանցում առաջացրած դեպքը 2012թ. դեկտեմբերի վերջին Դելիում ուսանողուհու բռնաբարությունն էր, որը հանգեցրել էր նրա մահվանը:  Մարտի սկզբին խմբակային բռնաբարության էր ենթարկվել նաեւ Շվեյցարիայից եկած ճանապարհորդուհին: