Երեանում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը պատկանում է Երեւանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանին: Քաղաքի ոստիկանապետը փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է այդ տեղեկությունը՝ միաժամանակ հերքելով մամուլում շրջանառվող մեկ այլ լուր, թե ոստիկանության աշխատակիցներին ստիպում են առեւտուր անել այդ խանութներից:

Ըստ Նազարյանի՝ իր որդին, որն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, չգնաց հոր հետքերով, այլ որոշեց բիզնեսով զբաղվել: «Ավելի վատ արձագանքներ կլինեին, եթե իմ տղան աշխատեր մաքսայինում, հարկայինում կամ այլ կառույցներում: Նա սկզբում փոքր խանութ էր բացել Մոսկովյանի վրա, ապա Կոմիտասում»,- հայտնեց Նազարյանը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ «Մոսկվիչկա» եւ ոչ այլ անուն, Նազարյանը պատասխանեց. «Առաջին խանութը, որ տղաս բացել է, եղել իր պապիկի խանութը, որը դեռ խորհրդային ժամանակներից „Մոսկվիչկա“ էր կոչվում: Հետո մյուս տեղերում, որ բացեց, նույն անունը դրեց: Նաեւ „Մոսկվիչկա“ լավ է հնչում»,- մանրամասնեց Ներսես Նազարյանը: