Եգիպտոսի դատարանն արգելել է լիբիական հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի զարմիկ Ահմադ Քադաֆի ադ Դամին Լիբիա արտահանձնելը, չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են տեղի պաշտոնատար անձինք: Դատարանը վճռել է, որ այդ մարդուն դատելու են Եգիպտոսում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Լիբիայի ներկայիս իշխանությունները Քադաֆիի զարմիկին մեղադրում են նախկին իշխող վարչակարգի հանցագործություններին մեղսակցության մեջ եւ պահանջում են արտահանձնել նրան:

Մասնավորապես, նա մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, խաբության, գումարների յուրացման մեջ: Եգիպտոսի ոստիկանությունը ադ Դամին ձերբակալել էր այս տարվա մարտին: Նախքան ձերբակալությունը նրա թիկնապահների եւ տունը շրջապատած անվտանգության ուժերի աշխատակիցների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Եգիպտոսի իշխանությունները հետաքննություն են վարում, որի շրջանակում Ադ Դամը կասկածվում է ոստիկանների վրա հարձակվելու մեջ: