Արգենտինայի Լա Պլատա քաղաքում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 46 մարդու: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Բուենոս-Այրեսի նահանգապետ Դանիել Սցիոլին:

Լա Պլատայում երեք ժամվա ընթացքում 300 մմ տեղումներ են գրանցվել, եւ քաղաքի կեսը ողողվել է ջրով: Տասնյակ մարդիկ մինչ այժմ օգնության են սպասում տների եւ մեքենաների տանիքներին: Քաղաքում թալանվել է սուպերմարկետներից մեկը, որոշ թաղամասերում  ցույցեր են տեղի ունենում: «Շատերը շփոթված են եւ վախենում են իրենց անվտանգության համար», - նշել է Սցիոլին, հավելելով, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ տուժածներին օգնելու եւ կարգուկանոնը պահպանելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավար Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հանդիպել է  Բուենոս-Այրես նահանգի ղեկավարության հետ: Նախագահն ուղղաթիռով շրջել է աղետյալ գոտու վերածված քաղաքում, որտեղ ինքը ծնվել, եւ որտեղ այժմ ապրում է իր մայրը` Օֆելյա Վիլհելմը: Ըստ դե Քիրշների` մայրը, եւ նրա  հարեւանները ոչ  ջուր ունեն, ոչ գազ: Արգենտինայի նախագահը պատմել է, որ  հանդիպել է տուժած շրջանների բազմաթիվ բնակիչների հետ, որոնք կողոպուտի նպատակով կասկածելի անձանց հայտնվելու մտավախություն ունեն:  Այդ կապակցությամբ նախագահը նահանգային իշխանություններին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության հարցերին: