Արգենտինայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ վերջին օրերին Բուենոս-Այրեսում, համանուն նահանգում եւ մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող Լա Պլատա քաղաքում ջրհեղեղների զոհերի: Համապատասխան հրամանագիր է ստորագրել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ վերջին տվյալների` ջրհեղեղների հետեւանքով Լա Պլատա քաղաքում զոհվել է 48 մարդ, եւս վեց մարդ` երկրի մայրաքաղաքում: Չորեքշաբթի Քիրշները այցելել է տուժած շրջանները, այդ թվում նաեւ Թոլոսա թաղամաս, որտեղ ապրում է նրա մայրը` Օֆելյա Վիլհելմը: Տուժած շրջաններում բնակչության օգնության համար գործի են դրվել բանակային ստորաբաժանումները, խմելու ջուր եւ տաք կերակուր է բաժանվել:
Իշխանությունները հայտարարել են կացարանների վերականգնման համար վարկեր տրամադրելու մասին: Ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը: Այնուամենայնիվ, արդեն թալանի դեպքեր են գրանցվել. ըստ տեղի լրատվամիջոցների` ավելի քան հարյուր մարդ թալանել են քաղաքի սուպերմարկետներից մեկը: Ջրհեղեղներ առաջացրած տեղատարափ անձրեւները տեղացել են երեքշաբթի երեկոյան եւ չորեքշաբթի գիշերը: 800 հազար բնակչություն ունեցող Լա Պլատայի թաղամասերի մեծ մասը առանց էլեկտրականության է մնացել: Որոշ փողոցներում ջրի մակարդակը գերազանցում է կես մետրը: Ըստ օդերեւութաբանների` առաջիկա ժամերին տարածաշրջանում անձրեւները կշարունակվեն:




























