Աֆրիկայի երկրների առաջնորդները հրաժարվել են որպես նախագահ ճանաչել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ապստամբների «Սելեկա» խմբավորման առաջնորդ Միշել Ջոթոդիային: Agence France-Presse գործակալությունը հայտնում է, որ նման վճիռ է կայացվել Կենտրոնական Աֆրիկայի երկրների տնտեսական միության գագաթաժողովում, որը տեղի է ունեցել Չադում, հաղորդում է Lenta.ru-ն:

Չադի նախագահ Իդրիս Դեբին հայտնել է, որ ԿԱՀ-ում պետք է ստեղծվի անցումային շրջանում գործադիր իշխանությունը ներկայացնող կոմիտե, ինչպես նաեւ ժամանակավոր նախագահ ընտրվի մեկուկես տարուց ոչ ավելի ժամկետով: Հակառակ դեպքում երկրները պատրաստ չեն ճանաչելու պետության ժամանակավոր ղեկավարին, հաղորդում է Lenta.ru-ն:

ԿԱՀ-ում պետական հեղաշրջումը տեղի էր ունեցել մարտի 24-ին, երբ ապստամբները զավթել էին երկրի մայրաքաղաք Բանգին: ԿԱՀ-ի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն փախել էր երկրից:  Հաջորդ օրը ապստամբների ղեկավար Միշել Ջոթոդիան  իրեն հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար հաջորդ երեք տարում: Ըստ նրա` այդ ժամկետի ավարտին երկրում տեղի կունենան ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու: