Լեհաստանի իշխանությունները Սմոլենսկի շրջանում 100 հազար քմ տարածք են խնդրում երկրի նախագահ Լեխ Կաչինսկիին եւ լեհական կառավարության անդամներին տեղափոխող՝ 2010 թվականին վթարված Ту-154 օդանավի վթարի վայրում հուշահամալիր կառուցելու համար, գրում է «Իզվեստիա»-ն։
Պարբերականի ձեռքի տակ է հայտնվել լեհական կողմի պատրաստած՝ հուշահամալիրի եւ հարակից տարածքի նախագիծը։ Լեհերը տարածքով Մոսկվայի Կարմիր հրապարակից ավելի մեծ տարածք են խնդրում, որի մակերեսը 90 հազար քմ է։ «Տարօրինակ կլինի, եթե մենք բավարարենք խնդրանքը։ Տարածաշրջանի բնակիչները չեն հասկանա, եթե հուշահամալիրն այդքան տեղ գրավի», - պարզաբանել է Մսոլենսկի վարչակազմի աղբյուրը։
115 մ երկարությամբ հուշահամալիրի կառույցից բացի հուշարձանային համալիրի կառուցապատման տարածքի նախագծերը նախատեսում են վանքի կառուցում, թանգարանային ցուցադրության ստեղծում, ինչպես նաեւ պահակային եւ կայանատեղիի գոտիներ։
Սմոլենսկում տեղի ունեցած աղետի զոհերի հուշահամալիր կառուցելու մասին պայմանավորվածությունը 2011 թվականին ձեռք են բերել Ռուսաստանի եւ Լեհաստանի նախագահների Դմիտրի Մեդվեդեւն ու Բրոնիսլավ Կոմորովսկին։ Լեհերը պետք է ֆինանսավորեին հուշահամալիրի կառուցումը, իսկ ռուսական կողմը՝ կարգի բերեր տարածքը։ Այն ժամանակ էլ հուշահամալիրի նախագծի մրցույթ էր հայտարարվել։




























