Մեքսիկայի Գերերո նահանգում ուսուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել, որի ընթացքում տուժել է նահանգի Չիլպանսինգո քաղաքում գտնվող Կոնգրեսի շենքը, մի քանի ավտոմեքենաներ: Բացի այդ ցուցարարները որոշ ժամանակով գրավել են տեղի 4 ռադիոկայանները, հաղորդում են Գերերոյի իշխանությունները:
Բողոքի ակցիայի պատճառն, ըստ ուսուցիչների, իշխանությունների կողմից խաբեությունն է, որոնք խոստացել էին վերամշակել կրթության մասին տեղական օրենքի բարեփոխման նախագիծը եւ հաշվի առնել ոլորտի աշխատակիցների կարծիքը: Սակայն արդյունքում պատգամավորները փաստաթուղթն ընդունել են այլ տեսքով՝ առանց հաշվի առնելու կրթական արհմիության տեսակետը:
Այսօր առավոտից ուսուցիչները դուրս են եկել ցույցի՝ իրենց հետ տանելով երկու դագաղ, որոնցից մեկի վրա գրված է եղել «Գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին»:
Մոտենալով Կոնգրեսի շենքին, բողոքի ակցիայի մասնակիցներն սկսել են կոտրել շենքի ապակիները, նաեւ վնասել են Կոնգրեսի ավտոկայանատեղիում կանգնած ավտոմեքենաները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ուսուցիչները գրավել են տեղական 4 ռադիոկայանները եւ մի քանի ժամ ուղիղ եթերում ներկայացրել իրենց պահանջները:




























