Կիպրոսի բանկում ոչնչացրել են կղզու բանկային համակարգը սնանկացման եզրին հասցրած հունական պետական պարտատոմսերի գնման հետ կապված կարեւոր փաստաթղթեր: Այդ մասին  հայտնել է բանկում աուդիտ անցկացնող միջազգային  «Ալվարեզ ընդ Մարսալ» ընկերությունը, հաղորդում  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:

Ըստ ընկերության տվյալների` խոսքը կոմպրոմատներ պարունակող էլեկտրոնային փաստաթղթերի մասին է: Դրանք ոչնչացրել են այն անձինք, որոնք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել բանկի կողմից՝ հունական պետպարտատոմսերն անպատասխանատու կերպով ձեռք բերելու համար, որոնք հետագայում Կիպրոսի ֆինանսական կառույցը հանգեցրին խոշոր կորուստների:

Ավելի վաղ NEWS.am-ն արդեն հայտնել էր, որ Նիկոսիայում միանգամից երկու հանձնաժողով հետաքննում են բանկային մեքենայություններն ու նախագահի դերն ինսայդերական տեղեկատվության փոխանցման գործում:

Նիկոսիայում աշխատանքն է սկսել հատուկ հանձնաժողովը, որ ստեղծվել է Կիպրոսի դատախազ Պետրոս Կլիրիդիսի հրահանգով: Դրա խնդիրն է ստուգել լրատվամիջոցներում հայտնված անձանց ցանկը, որոնք իբր մեղսակից են խոշոր ֆինանսական մեքենայություններին: Երեք ամսից կներկայացվի համապատասխան զեկույց: