Փետրվարի 18-ին Ռուսաստանը վերջապես վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 14 արձանագրությունը: Հիշեցնենք, որ ԵԽ անդամ երկրներից միայն Ռուսաստանն էր, որ չէր վավերացրել այդ արձանագրությունը, որով նախատեսվում է բարեփոխել եւ պարզեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի լսման կարգը:

Նշենք, որ ՌԴ արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը վավերացրել է թիվ 14 արձանագրությունը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում կայացած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված համաժողովի շրջանակում։ Համաժողովը տեղի է ունեցել փետրվարի 18-19-ը, որին մասնակցել են ԵԽ 47 անդամ պետություններում մարդու իրավունքների համար պատասխանատու նախարարները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵԽ-ի երեւանյան գրասենյակից:

«Մեր կազմակերպության մյուս 46 անդամների կողմից արդեն վավերացված այս արձանագրությունն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին», ասել է ԵԽ Գլխավոր քարտուղար Տոբյորն Յագլանդն ու հավելել. «Մենք Ինտերլակենում (Շվեյցարիա) Նախարարների կոմիտեում Շվեյցարիայի նախագահության նախաձեռնությամբ՝ քննարկելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագան։ Այս վերջին վավերացումը Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների հետ երկխոսության արդյունքն է եւ ազդարարում է Դատարանի բուն բարեփոխման սկիզբը»:

Նշենք, որ այս արձանագրության դրույթները Ստրասբուրգի դատարանը կդարձնեն ավելի արդյունավետ՝ օգնելով նվազեցնել այնտեղ ներկայացված դիմում-բողոքների կուտակումները։

«Քննարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Եվրոպական միության միանալը, որը նույնպես էապես կխթանի մարդու իրավունքների պաշտպանությունը մեր մայրցամաքում, ես հրավիրում եմ նրանց՝ օժանդակել Դատարանի բարեփոխմանը՝ իր նախադեպային իրավունքին Կոնվենցիայի համապատասխանությունը ապահովելու նպատակով», — ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը։