Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր՝ ապրիլի 4-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով մարտի 26-28-ը իր գլխավորած պատվիրակության` Լեհաստան կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եղել են առավելապես արդյունավետ եւ մեծապես կնպաստեն մի շարք ոլորտներում հայ-լեհական կապերի խորացմանը:

Արթուր Բաղդասարյանը մանրամասնել է, որ Լեհաստանում իր հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը, տնտեսական համագործակցության հեռանկարներին, անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակին ու հետագա խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Որպես թիրախային ուղղություն կարեւորվել է ռազմական արդյունաբերության զարգացումը, որի առաջին քայլերից էր Վարշավայում «Լյուբավա» ընկերության եւ ՀՀ Պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջեւ ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի եւ Լեհաստանի անվտանգության խորհուրդների միջեւ երկու տարի առաջ մեկնարկած համագործակցությունը կոնկրետ արդյունքներ է տալիս եւ ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ երկու երկրների ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների միջեւ:

Վարշավայում ձեռք են բերվել մի շարք այլ կոնկրետ պայմանավորվածություններ, մասնավորապես Հայաստանում կձեւավորվի հայ-լեհական առեւտրաարդյունաբերական պալատ:

Կարեւորելով տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների խորացումը` զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների միջեւ անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա եւ որի օգտագործումը բխում է թե Հայաստանի, թե Լեհաստանի շահերից:

 Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ տեմպերով զարգանում է: