Ադրբեջանը պնդում է, որ փոխվի Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը։ «Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի փոփոխությունը կքննարկվի ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին։ Մինչ այդ գրասենյակն Ադրբեջանում կշարունակի իր աշխատանքը՝ գոյութուն ունեցող մանդատի հիման վրա», - ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Քորայ Թարգայը։

Նա նշել է, որ տվյալ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ մշտական խորհրդի շրջանակում՝ փոխհամաձայնությամբ։ Ընդ որում նա դժվարացել է պատասխանել, թե երբ տեղի կունենա տվյալ նիստը: «Դժվար է ասել, թե երբ դա տեղի կունենա։ Գոյություն ունի նման հարցերով հատուկ ընթացակարգ, հատուկ գործընթաց։ Որքանով ինձ հայտնի է, գործընթացն առայժմ չի սկսվել, առայժմ Վիեննայում խորհրդակցություններ են ընթանում։ Ադրբեջանի կառավարությունն ինքն է որոշում մանդատում ցանկացած փոփոխության հարցով հայց ներկայացնի՞, թե՝ ոչ: Դրամատիկ կերպով ներկայացնելու կարիք չկա։ Կարեւորը գրասենյակի կարգավիճակի անվանումը չէ, այլ դրա մանդատի բովանդակությունն է, դրա գործունեությունը»,-ասել է նա:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակով դիմել էր ԵԱՀԿ-ին՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը նվազեցնելու հայցով։