Մեծ Բրիտանիայում դատավորը մեղադրյալին հրամայել է շարադրություն գրել մարիխուանայի վնասակարության մասին: The Daily Mirror-ը գրում է, որ դատավոր Ջուլիան Լամբերգը նման վճիռ է կայացրել, երբ իմացել է, որ թմրավաճառ Թերի Բենեթը ի վիճակի չէ հասարակական աշխատանքներ կատարելու՝ դեռ վեց տարի առաջ սնոուբորդով սահելիս ստացած ուսի վնասվածքի պատճառով, հաղորդում է rbc-ն:
32-ամյա Բենեթը խոստովանել է, որ ցնցված է նման դատավճռից: Սկզբնապես նա պատրաստվում էր իր հինգ հազար բառից բաղկացած էսսեում գրել ոչ միայն կանեփի վնասակարության, այլեւ օգտակար հատկանիշների մասին, որի համար խնդրել է դատավորի թույլտվությունը: Սակայն Լամբերգը մերժել է, հայտարարելով, որ թմրանյութերն օրենքով արգելված են, այդ պատճառով էլ ողջունելի չեն դրանց մասին դրական արտահայտությունները:
Ըստ Բենեթի` շարադրությունը գրելու համար նա մի քանի ուսումնասիրություն է անցկացրել: Էսսեն նա պետք է հանձնի ապրիլի 4-ին: Եթե նա այդ ժամանակ չհասցնի, նրան բանտ է սպառնում:
Հարավային Գլոսթերշիրի բնակիչ Թերի Բենեթը դատարանի առաջ էր կանգնել հունվարին: Այն ժամանակ նա մեղավոր էր ճանաչվել վաճառքի նպատակով մարիխուանա պահելու համար: Նրա մոտ հայտնաբերվել էր 900 գ թմրանյութ: Դատավորը բրիտանացուն դատապարտել էր 240 ժամ չվճարվող աշխատանքի, սակայն երբ նրան ներկայացրել էին Բենեթի վնասվածքի մասին տվյալները, ստիպված էր փոխել վճիռը:



























