Բրիտանիայում 56-ամյա Մայքլ Ֆիլփոթին, ով հրդեհել էր սեփական տունը, որի հետեւանքով զոհվել էին նրա 6 երեխաները, դատապարտել են ցմահ ազատազրկման: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, հաղորդում է The Independent-ը:

Ֆիլփոթը վաղաժամկետ ազատման խնդրանքով դատարան կարող է դիմել միայն 15 տարի անց: Նրա 32-ամյա կինը՝ Մեյրիդ Ֆիլփոթը, ինչպես նաեւ 46-ամյա ընկերը՝ Փոլ Մոսլին, որոնք գործով անցնում են որպես հանցակիցներ, դատապարտվել են 17-ական տարվա ազատազրկման:

Դատավորը նշել է, որ սեփական զավակների դեմ ուղղված հանցագործությունն աննախադեպ է, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով Lenta.ru-ն:

Նախօրեին Ֆիլփոթները եւ Փոլ Մեսլին դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել 6 երեխաների ոչ կանխամտածված սպանության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Անգլիայի դատարանը Դերբիշիրում միտումնավոր սեփական տունն այրած ամուսնական զույգին մեղավոր է ճանաչել վեց երեխաների ոչ կանխամտածված սպանության մեջ: Դատարանը եզրակացրել է, որ 5-13 տարեկան երեխաները դարձել են խճճված ընտանեկան հարաբերությունների զոհ, հաղորդում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետաքննությունը պարզել է, որ Մայքլ եւ Մեյրիդ Ֆիլփոթները ցանկացել էին հրդեհը կազմակերպել՝ ամուսնու նախկին սիրուհուն վարկաբեկելու նպատակով, որը նախկինում նրանց հետ մի հարկի տակ էր ապրում եւ դաստիարակում իր եւ Միքի չորս երեխաներին: 

Ֆիլփոթների տնից կնոջ հեռանալուց հետո ամուսինը որոշել է վերադարձնել երեխաներին, որպեսզի ստանա նրանց նպաստը եւ բարելավի կենսապայմանները: Նա ոստիկանությանը բողոքել է, որ նախկին սիրուհին սպառնում է այրել տունը, իսկ հետո ամուսինները անձամբ են կազմակերպել հրդեհը: Ամուսինները ծրագրել էին փրկել երեխաներին, սակայն դա նրանց չի հաջողվել. երեխաների սենյակի դուռը փակված է մնացել, եւ վեցն էլ թունավորվել են: 

Ոստիկանությունը հրդեհի վայրում բենզինի հետքեր է հայտնաբերել եւ անմիջապես կասկածել, որ հրկիզում է տեղի ունեցել: Ֆիլփոթները ձերբակալված են: Եվս մեկ անձ մեղավոր է ճանաչվել ոչ կանխամտածված սպանությանը մասնակցելու համար: