Անանուն աղբյուրը լրատվամիջոցներին հարկերից խուսափողների մասին 2,5 մլն փաստաթուղթ է ներկայացրել՝ 170 երկրներից: Այս մասին հաղորդում է գերմանական «Զյուդոյչե ցայտունգ» թերթը, որը եւս ստացել է այդ փաստաթղթերը: Այդ տեղեկատվության ընդհանուր ծավալը կազմում է 260 գիգաբայթ, որը ներառում է 2,5 մլն փաստաթուղթ, այդ թվում աշխարհի 170 երկրների 130 հազար մարդկանց ցուցակ: Նրանց շարքում են քաղաքական գործիչներ, օլիգարխներ, զենքի առեւտրականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ֆինանսական մակլերներ եւ այլն:

Փաստաթուղթը ներկայացնում է հարկային օազիսների, գաղտնի փոխանցումների եւ կեղծ ընկերությունների միջոցով կասկածելի օպերացիաների ամբողջական պատկերը: Ինչպես գրում է գերմանական թերթը, այսօրվանից սկսած լրատվամիջոցները կսկսեն տպագրել այդ տեղեկատվությունը: Պարբերականի փոխանցմամբ՝ այդ նյութերը պատկանել են երկու ընկերությունների, որոնք մասնագիտացած են օֆշորային հասարակությունների կառույցների գործունեության ուսումնասիրման գործում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այս տեղեկատվությունը նախորդ տարի փոխանցվել է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումին (ICIJ), որը 15 ամիս շարունակ հետազոտել է այդ նյութերը: Այդ աշխատանքներին մասնակցել են աշխարհի 46 երկրների առաջատար լրատվամիջոցները, այդ թվում «Զյուդոյչե ցայտունգը», BBC-ն, «Գարդիան», «Վաշինգթոն փոստ», «Մոնդ» թերթերը: