Ավստրալացին, ում անունը չի հաղորդվում, հանուն խմիչքի թռել է կոկորդիլոսներով լի գետը: Այդ արարքը կատարելիս տղամարդը լրիվ մերկ է եղել, քանի որ այդպիսին են եղել գրազի պայմանները, որը նա կնքել է իր ընկերոջ հետ, հաղորդում է Northern Territory News-ը:

Տղամարդը գրազ է եկել ընկերոջ հետ, որ կարող է լրիվ մերկ վիճակում նավակից նետվել Դելի գետը եւ որոշ ժամանակ կանգնել գետում գտնվող կոճղի վրա: Դրա դիմաց նա մեկ շիշ բուրբոն է պահանջել ընկերոջից: Ավստրալացին խոստովանել է, որ այդ պահին ինքն արդեն մի քանի բաժակ խմիչք է օգտագործած եղել, դրա համար էլ նման գրազն իրեն զվարճալի է թվացել, հաղորդում է Lenta.ru-ն:

Տղամարդը կատարել է խոստացած արարքը եւ արժանացել բուրբոնի: Նա, սակայն, խոստովանել է, որ երբ հաջորդ օրը եկել է գետի մոտ եւ տեսել այնտեղ լողացող կոկորդիլոսներին, հասկացել է, որ նման բան անելուց առաջ լավ կլիներ մի փոքր մտածել: