Բրիտանական Guardian-ը հրապարակել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (International Consortium of Investigative Journalists - ICIJ) հետաքննության արդյունքները:

Նյութում նշվել են քաղաքական եւ բիզնես վերնախավերի ներկայացուցիչների, նաեւ նրանց ազգականների կոնկրետ անուններ, ովքեր հաշիվներ եւ ընկերություններ ունեն Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Քուքի կղզիներում եւ մի շարք այլ օֆշորներում: Դրանք պաշտոնյաներ են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից, Պակիստանից, Ինդոնեզիայից, Իրանից, նաեւ նախկին ԽՍՀՄ երկրներից: Ի թիվս այլոց նշված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու նրա ընտանիքը: Ալիեւի երկու դուստրերի անուններով գրանցված ընկերությունները վերահսկում է շինարարական մագնատ Խոսան Գոզալը: Ցանկում են նաեւ Ժան-Ժակ Օժյեն, ով գանձապահն էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քարոզարշավի ժամանակ, Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի կինը` Օլգան:

Ընդհանուր առմամբ, փաստաթղթերը վերաբերում են 170 երկրների ներկայացուցիչների եւ արծարծում վերջին 30 տարիների ֆինանսական մեքենայությունները: ICIJ-ի ձեռքում հայտնված նյութերի վերլուծությունն արվում է Guardian-ի եւ BBC-ի կողմից: բացի այդ, դրան մանսակցում են նաեւ ֆրանսիական Le Monde-ը, գերմանական Süddeutsche Zeitung-ն ու Norddeutscher Rundfunk-ը, ամերիկյան The Washington Post-ը, կանադական CBC հեռոիստաալիքն ու այլ պարբերականները:

Ըստ գնահատականների, օֆֆշորներում կենտրոնացած միջոցների ծավալը կազմում է 31 տրլն դոլար: