Մալդիվների Հանրապետության նախագահ Մոհամադ Վահիդ Մանիկը հայտարարել է, որ  տեղյակ չէ հայազգի Արթուր եղբայրների կողմից սպառնացող վտանգի մասին, հայտնում է  «Haveeru Online»-ը:

Երկրի նախագահն ասել է, որ Արթուրների մասին իր տեղեկությունը սահմանափակվում է  միան լրատվամիջոցներում եղած հրապարակումներով: «Ես նույնպիսի տեղեկատվություն ունեմ, ինչ դուք: Գիտեմ, որ նրանք Մալդիվներում են: Ես նույնպես հետեւում եմ այդ ամենին»,-լրագրողներին ասել է Վահիդ Մանիկը: Թեեւ նախագահը ստացել է հետախուզական տվյալներ եղբայրների` Մալդիվներում գտնվելու մասին, ասել է. «Չգիտեմ, որ նրանք ներգրավված են որեւէ ապօրինի գործունեության մեջ»:

Արթուրների հարցը հասել է նաեւ երկրի խորհրդարան, իսկ ներկայումս նրանցով զբաղվում է երկրի ազգային անվտանգության կոմիտեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Երկու Արթուրների» գործունեությունը շարունակում է մնալ Մալդիվյան կղզիների մամուլի ուշադրության կենտրոնում: Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Արթուր Սարգսյանի եւ Արթուր Մարգարյանի ընկերությունը գրանցվել էր, երբ տուրիզմի նախարարությունից  թույլտվություն էր ստացվել Մալդիվներում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Լրագրողներն իմացել են, որ հայերն արդեն ներկրել էին մեքենաներ եւ շարժիչի մասեր այն ժամանակ, երբ  ընկերության տեղի բաժնետերը փորձել էր կենդանի այծեր ներկրել:

 «Արթուր եղբայրներին» անվանվել են «սպառնալիք Մալդիվների ազգային անվտանգության համար»: