Այսօր՝ ապրիլի 4-ին, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցել են ադրբեջանական կոմից ԼՂՀ տարածք շփման գծի ականազերծված տեղանքով:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: