ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր՝ ապրիլի 4-ին, հայտարարել է, որ մտադիր է գիրք գրել, որտեղ իր հայացքները կներկայացնի աշխարհում ԱՄՆ դերի մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Իր գրքում ԱՄՆ նախկին պետքարտուղարը կշոշափի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուսամա Բեն լադենի ոչնչացումը, «արաբական գարնան» իրադարձությունները, ԱՄՆ-ի հարաբերություններն Իրաքի եւ Աֆղանստանի հետ, ինչպես նաեւ Չինաստանի աճող ազդեցությունը:
«Այդ գիրքն անփոխարինելի կդառնա այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով եւ Ամերիկայի այսօր ունեցած դիրքով»,-հայտարարել է Simon & Schuster Publishing Group հրատարակցության ղեկավար Ջոնաթան Քարփը, ով անձամբ է խմբագրելու գիրքը:
Սպասվում է, որ Քլինթոնի գիրքը ԱՄՆ-ում վաճառքի կհանվի 2014 թվականին:




























