Ինդիանայի 68-ամյա բնակչուհի Շեյլա Սթադլերը հարազատներին տարօրինակ կտակ է թողել։ Նրա կամքի համաձայն, անմիջապես իր մահից հետո Տոֆիին (տարեց կնոջ սիրելի շունը) պետք է քնեցնեն։ Վերջերս կինը մահացել է քաղցկեղից, եւ միանգամայն առողջ շանն անմիջապես քնեցրել են, հաղորդում է UPI-ը։

Շան դիակը բերել են թաղման արարողությանը, ապա թաղել ամերկիուհու ոտքերի տակ։ Նահանգի բնակիչներն ու կենդանիների պաշտպաններն արարքից վրդովվել են։

Honey Creek Animal Hospital-ի անասնաբույժ Ջորջ Ռայլին որոշումը «տարօրինակ» է անվանել, սակայն ընդունել է, որ հանգուցյալի հարազատները դրա իրավունքն ունեցել են։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ են պատրաստվում տերերն անել շան հետ։ Օրենքով նրանք իրավունք ունեն վարվել այնպես, ինչպես հարկ կհամարեն», - հայտարարել է մասնագետը։

Իրեն արդարացնելու համար Էնդին՝ տիկին Սթադլերի որդին, հայտարարել է, որ Տոֆին միանգամայն ընկճված է եղել տիրուհու մահից եւ «անկենդան թափառում էր» իր կյանքի վերջին օրերին։ Հայրենակիցների արարքից ցնցված քննադատները պարզաբանել են, որ եթե Սթադլերն իրոք սիրեր իր խնամյալին, նա երբեք նրան գերեզմանում թաղելու հրաման չէր տա։ Նրանք ափսոսանք են հայտնել, որ երիտասարդ առողջ շանը նման դաժան բախտ է բաժին հասել, հաղորդում է Vesti.ru-ն։