Այսօր` փետրվարի 19-ին գործարար, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին (Խաչատուր Սուքիասյանի եղբորը) եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ այդմ, Սարիբեկ Սուքիասյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով (Անձին ապօրինի ազատությունից զրկելը), իսկ Արտաշես Ստեփանյանին, բացի այդ մեղադրանքից, առաջադրվել է նաեւ մեկ այլ մեղադրանք` քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (Ապօրինի զենք, զինամթերք պահելը):
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարիբեկ Սուքիասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Պաշտպանությունն իրականացվում է այնպես, ինչպես մինչ այժմ իրականացվել է: Այդ ուղղությամբ բոլոր միջոցները ձեռնարկում ենք: Այս պահին քննարկում ենք պաշտպանության հետ կապված տակտիկական հարցերը»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին եւ Արտաշ Ստեփանյանին ձերբակալել են փետրվարի 12-ին՝ մեղադրելով մահվան սպառնալիքի տակ անձից ստորագրություն կորզելու մեջ: Հատուկ ջոկատայինները ներխուժել էին «ՍԻԼ կոնցեռն» եւ կոտրելով դռները, բերման ենթարկել Սուքիասյանին:
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը եւ նրա ընտանիքը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ աջակցեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչից հետո նրանց նկատմամբ հետապնդումներ սկսվեցին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























