Արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը արքայազն Չարլզի ուղեկցությամբ, ապրիլի 4-ին մասնակցել են Թամար Մանուկյանի անվան մանկական կենտրոնի (Tamar Manoukian Outdoor Centre) բացման արարողությանը, որը կառուցվել է The Manoukian Foundation հիմնադրամի միջոցներով:

Կենտրոնը կառուցվել է Դամֆրիս Հաուսի տարածքում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ եւ վերջին 250 տարում առաջին անգամ բաց է հասարակության համար: Կենտրոնում կներկայացվեն երեխաների համար բնակավայրեր, ինչպես նաեւ խմբերով ուսանելու համար անհրաժեշտ շինություններ ու պարագաներ: Կենտրոնը բաց կլինի նաեւ շոտլանդական դպրոցների համար:

Արքայազն Չարլզը երախտագիտություն է հայտնել հիմնադրամին՝ նշելով, որ ինքն անձամբ բավական ծեր է երեխաների համար կառուցված «խոչընդոտների ուղին» հաղթահարելու եւ այլ զվարճալի խաղերից օգտվելու համար, հաղորդում է «Daily Mail»-ը:

The Manoukian Foundation հիմնադրամը ղեկավարում են հայ Բոբ Մանուկյանն ու նրա կինը՝ Թամարը, գրում է բրիտանական «The Telegraph»-ը: