Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 5-ին մասնակցել է Տաշքենդում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները քննարկել են հումանիտար ոլորտում համագործակցության խորացման, անվտանգության բնագավառում փոխգործակցության սերտացման եւ մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր։

Մասնավորապես, արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն է տրվել  ԱՊՀ երկրների միջեւ բարձրագույն եւ բարձրագույն մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին 1997թ. համաձայնագրի արդիականացման, մինչեւ 2020թ. ԱՊՀ երկրներում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման Ռազմավարության 2013-2015թթ. միջոցառումների ծրագրին, ինչպես նաեւ 2014թ. ԱՊՀ-ում տուրիզմի տարի հայտարարելու վերաբերյալ որոշումների նախագծերին։

Հանդիպման մասնակիցները քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի Հայեցակարգի նախագիծը, ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների միջեւ համագործակցության Համաձայնագրի նախագիծը, ինչպես նաեւ անդամ երկրների հարկային (ֆինանսական) քննչական մարմինների ղեկավարների փոխգործակցության համակարգման խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների հետ կապված հարցեր։

Նախարարական խորհրդի օրակարգում էին նաեւ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարությունների միջեւ տարբեր մակարդակներով խորհրդակցությունների 2013թ. ծրագիրը, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների հյուպատոսական ծառայությունների Խորհրդատվական խորհրդի կանոնադրության նախագծի քննարկումը։

Տաշքենդում Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպում է ունեցել իր Ուզբեկստանի գործընկերոջը՝ Աբդուլազիզ Կամիլովին։

Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը եւ արձանագրեցին, որ առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ համագործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման համար։

Այդ համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել համապատասխան քայլեր, որոնց իրականացումը թույլ կտա ակտիվացնել առեւտրատնտեսական կապերը, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, խթանել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ զարգացնել մշակութային փոխանակումները։

Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել նախարար Նալբանդյանի եւ Ղրղըզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաեւի հանդիպումը, որի ժամանակ հանգամանալից քննարկում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ ձեւաչափերում համագործակցության սերտացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ։

Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը եւ քննարկվելիք հարցերը, կազմակերպության գործունեության ոլորտներին եւ ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։