ԱՄՆ Քենթուքի նահանգում գտնվող Ֆորթ-Նոքս ռազմակայանում սպանության կասկածանքով ձերբակալված ամերիկացի զինվորին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է CNN-ը: Մեղադրյալ Մարքինթ Ջեյքոբսը կալանավորվել է Թեննեսիի նահանգում, որտեղ ապրում է նրա մայրը, հաղորդում է Lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ նրան ձերբակալել է Փորթլենդ քաղաքի ոստիկանությունը:
Դատավարությունն սկսելու ամսաթիվը դեռ չի նշանակվել, հետաքննությունը շարունակվում է: Ֆորթ-Նոքսի հրամանատարությունը եւ քննիչները հայտարարել են, որ հանցագործությունը, ամենայն հավանականությամբ, կենցաղային կոնֆլիկտի հետեւանք է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Քենթուքի նահանգում ԱՄՆ զինված ուժերի Ֆորտ-Նոքս ռազմաբազայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ է սպանվել։ Հայտնի է, որ զոհվածը քաղաքացիական անձ է եղել ու աշխատել է բազայի տարածքում՝ անձնակազմի վարչությունում։ Նրա անունն առայժմ չի նշվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես հայտարարել է ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչ Քրիս Գրեյը, ներկա պահին զինվորականներն ու ոստիկանությունը փնտրում են հանցագործին, ով, ենթադրաբար, փախուստի է դիմել Yamaha մոտոցիկլետով։ Գրեյը չի բացառել, որ հանցագործները կարող էին երկուսը լինել։ Հետաքննությանը միացել են ՀԴԲ-ի գործակալները։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, անձնակազմի վարչության շենքի հարեւանությամբ գտնվող ավտոկայանատեղիում՝ տեղի ժամանակով 18.00-ին։ Ռազմաբազան փակվել է մի քանի ժամով։ Մանրամասներ չեն հաղորդվում։



























