Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ ապրիլի 5-ին, ընդունել է Խորհրդային Միության վաստակավոր արտիստ, դերասանուհի, նկարչուհի, 1981 թվականից ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակություն հաստատած  Թագուհի Հակոբյանին, նրա դուստր եւ մենեջեր Մարո Փարյանին եւ ամերիկաբնակ մտավորական, հուշագիր Վիկտորիա Փարյանին:

Ողջունելով հյուրերին` ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել  Թ. Հակոբյանի նվիրումն արվեստին, Եվրոպայի երկրներում (Ֆրանսիա, Ռումինիա, Հունաստան, Բուլղարիա), Լիբանանում, Կանադայում եւ այլուր հայ արվեստն ըստ արժանվույն ներկայացնելու նրա ջանքերը:

Ամենուր հայերենով ներկայացնելով հայ դասականներին` Թագուհի Հակոբյանը հայկական համայնքներում կարողացել է արթնացնել եւ կենդանի պահել հայկական ոգին:

Վերջին 20 տարիների ընթացքում արվեստագետը սկսել է զբաղվել նաեւ  նկարչությամբ` թղթի կտորներից, առանց ներկեր օգտագործելու, ստեղծում է գեղանկարներ` ամենատարբեր թեմաներով: Ապրիլի 3-ին Հայրենիքում` «Ակադեմիա» պատկերասրահում կայացավ նրա «Թափոնների գույները» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:

Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի բացմանը մասնակցելու եւ իր ներկայությամբ միջոցառումը պատվելու համար` արվեստագետը նշեց, որ Սփյուռքում բարձր են գնահատում նախարար Հ. Հակոբյանի հայանպաստ, Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանն ուղղված գործունեությունը:

Թագուհին ՀՀ սփյուռքի նախարարին նվիրեց իր ստեղծագործություններից «Կաննաներ» անունով գեղանկարը:

Նախարարը գոհունակությամբ խոսել է նաեւ մտավորական Վիկտորիա Փարյանի` 2012թ. հրատարակած «Անապատի ագռավներըե հուշագրության մասին, ուր տեղ են գտել Հայոց Ցեղասպանության ականատեսների պատմությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է գերատեսչության պատվերով եւ նախաձեռնությամբ հրատարակված գրքերը, Սփյուռքի մեր հայրենակիցների համար նախարարության կողմից իրականացվող ծրագրերը եւ կոչ արեց ավելի ակտիվորեն մասնակցել հատկապես «Արի տուն» եւ «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրերին: