63 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւմտյան Մահարաշթրա նահանգի Մումբայի մերձակա Թհանե քաղաքում բազմահարկ շենքի փլուզման հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս Փրեսս» գործակալությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 52 զոհերի մասին:

Միջադեպը կատարվել էր հինգշաբթի երեկոյան: Անավարտ յոթհարկանի շենքը, որտեղ ապրում էին շուրջ 35 ընտանիքներ, հանկարծակի փլուզվել է: Փրկարարական  աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր եւ առավոտյան:

Ուրբաթ առավոտյան փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հինգ երեխաների, որոնք  այնտեղ էին մնացել 12 ժամ:

Իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել երկու մարդու դեմ, որոնք առանց իշխանությունների համապատասխան թույլտվության էի կառուցել շենքը: Սալիլ Ջամադարայի եւ Խալիլ Ջամադարայի դեմ քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանոթյուն» հոդվածով: Ներկայումս նրանք ընտանիքների հետ փախուստի մեջ են, նրանց նկատմամբ հետախուզություն է կատարվում: