Քյոլնի մանկապարտեզի տնօրենը, որին պատանդ էր վերցրել դանակով զինված մի տղամարդ, ազատվել է, հաղորդում է «Lenta.ru-ն` վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին: Քաղաքի հյուսիսային Քորվայլեր թաղամասում մանկապարտեզի գրոհը շարունակվել է ողջ օրը:
Տղամարդը մանկապարտեզ էր ներխուժել վաղ առավոտյան եւ միայն տեղական ժամանակով ժ. 19:00-ին էր ոստիկանությունը շրջափակել շենքը եւ ազատել պատանդին: Նա աննշան վնասվածքներ էր ստացել: Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը պահանջում էր գումար եւ մեքենա փախչելու համար: Ընդ որում` չի ճշտվում, թե որքան գումարի մասին էր խոսքը:
Հանցագործության դրդապատճառները դեռեւս անհայտ են: Ըստ որոշ տվյալների` տղամարդը չէր կարողացել մանկապարտեզում տեղավորել իր երեխային: Bild-ը գրում է, որ 51-ամյա տնօրենին պատանդ էր վերցրել Քյոլնի 47-ամյա բնակիչ Մեհմեդ Դ.-ն: Մանկապարտեզի սաներից ոչ ոք չի տուժել: Զատիկի արձակուրդների կապակցությամբ մանկապարտեզում 80-ի փոխարեն եղել են միայն 17 երեխաներ: Դաստիարակները նրանց արագ փողոց են դուրս բերել:



























