ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր հարց է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, սփյուրքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Նա իր նամակում, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության լայն հասարակությունը իր խորը մտահոգությունն է հայտնել մեր հայրենակից՝ 70 ամյա Ալեքսանդր Վարպետյանի մուտքը՝ Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու փաստի առթիվ: Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ պարոն Ալեքսանդր Վարպետյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում, եւ նրա տեղաշարժվելու իրավունքը արգելված է: Երեկ երեկոյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Զարուհի Փոստանջյանը Զվարթնոց օդանավակայանի անվտանգության եւ իրավապահ ծառայությունների աշխատակիցներից փորձել են պարզաբանում ստանալ պարոն Ալեքսանդր Վարպետյանի գտնվելու վայրի, նրա տեղաշարժը արգելելու հիմքերի եւ առողջական վիճակի մասին, սակայն որեւէ իրավասու անձը այդպես էլ վերը նշված հարցերի շուրջ պատասխան չի տրամադրել Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել պատասխան հետեւյալ հարցերի վերաբերյալ.
1. Պարոն Ալեքսանդր Վարպետյանը քանի՞ օր է գտնվում Զվարթնոց օդանավակայանում:
2.Եթե կան իրավական հիմքեր պարոն Ալեքսանդր Վարպետյանին Զվարթնոց օդանավակայանում պահելու, նրա տեղաշարժը արգելու համար, ապա խնդրում եմ տրամադրել տվյալ հիմքերի՝ որոշում, արձանագրություն, այլ փաստաթղթերի, պատճեները:
3. Պարոն Ալեքսանդր Վարպետյանին համապատասխան բուժօգնություն տրամադրվել է, թե ոչ եւ եթե այո, ապա նրա առողջական վիճակը բավարար է, որպեսզի նա գտնվի փակ տարածության մեջ՝ ըստ էության մեկուսացված:
4. Տարեց հայ մարդու նկատմամբ այսպիսի վերաբերմունքի դրսեւորումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից արդյոք չի վնասի «Արի տուն» ծրագրին: Հարգանքներով՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 4-ի գիշերը, Ալեքսանդր Վարպետյանն, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների` առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը` ինքնաթիռով ժամանել է Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում եւ մտերիմների շրջանակում նշելու համար: Սակայն Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը եւ այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում` դեռ անհայտ ժամանակով:
«Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:
Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները եւ ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը եւ հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները»,- ասված է նրա համակիների տարածած նամակում, որն ուղղված է Սերժ Սարգսյանին։



























