Պակիստանում մի քանի տասնյակ թեկնածուներ, այդ թվում երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը, դուրս են մնացել խորհրդարանական ընտրություններից: Իրենց շրջանների ընտրական հանձնաժողովները բավարար չեն համարել նրանց կրոնական լինելն ու բարոյական նկարագիրը: Նրանց որակազրկման մասին որոշումները կայացվել են Պակիստանի Սահմանադրության 62-րդ եւ 63-րդ հոդվածների համաձայն, որոնց մասին հազվադեպ են հիշում, գրում է The Guardian-ը:
Պակիստանի գլխավոր օրենքում նշվում է, որ թեկնածուն պետք է լինի «լավ մահմեդական, մաքուր ու ազնիվ», իսլամի վերաբերյալ խորը գիտելիքներ ունենա: Այս նորմերը երկրի Սահմանադրությունում հայտնվել են 1985 թվականին, որոնք հիմնական օրենքում ներառել է այն ժամանակվա նախագահ Զիա-ուլ-Հաքը, ով այդկերպ փորձել է համոզել մահմեդական պահպանողականներին, որ ինքն իսկապես ցանկանում է զբաղվել Պակիստանի մահմեդականացմամբ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը Իսլամաբադ է ժամանել նախորդ կիրակի: 2008-ին պաշտոնականություն սկսելու սպառնալիքի տակ նա ստիպված էր հեռանալ նախագահի պաշտոնից եւ տեղափոխվել Լոնդոն:
Մուշարաֆը հետախուզվում է Պակիստանի արդարադատության կողմից՝ կապված 2007-ին սպանված նախկին վարչապետ Բենազի Բհուտոյի դեմ դավադրությանն առնչություն ունենալու հետ, սակայն Պակիստանի դատարանը նախորդ ուրբաթ թույլ է տվել նրան գրավ մուծել եւ խուսափել կալանավորումից:




























