Շաբաթ օրը 25 մարդ զոհվել եւ 60-ը վիրավորվել են Իրաքի Դիյալա նահանգում, երբ մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է տեղական իշխանության թեկնածուի եւ նրա կողմնակիցների հանդիպման ընթացքում, հայտնում է «Ասոշիեյթիդ փրեսս» գործակալությունը:
Ահաբեկչությունը կատարվել է Բաղդադից 60 կմ հյուսիս գտնվող Բաակուբա քաղաքում: Սկզբում հարձակվողները հավաքվածների վրա նռնակ են նետել, որից հետո գործարկվել է մահապարտի մարմնին ամրացված պայթուցիկը: Նահանգային ընտրությունները պետք է տեղի ունենան ապրիլի 20-ին, ինչի կապակցությամբ իշխանությունները սպասում են երկրում բռնության հետագա աճի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին ժամանակներս Իրաքում նկատվում է լարվածության աճ` կապված իսլամական խոշորագույն համայնքների` սունիների եւ շիաների հակասությունների հետ: Սադամ Հուսեյնի կառավարման օրոք սունիները գլխավոր պաշտոններ էին զբաղեցնում Իրաքի պետական կառույցներում, սակայն ԱՄՆ-ի զինված ներխուժումից եւ Հուսեյնի տապալումից հետո շիաները ճնշեցին սունիներին: Նրանք զբաղեցրին մի շարք կարեւոր պետական պաշտոններ, որոնցից ամենաազդեցիկը վարչապետի պաշտոնն է:




























