Չինաստանում պաշտոնապես հաստատվել է H7N9 թռչնագրիպից 21 մարդու վարակման փաստը, այդ դեպքերից 6-ը մահացու ելք են ունեցել:
Վերջին հիվանդը Անխոյ նահանգից 55-ամյա տղամարդ է, ով զբաղված էր ընտանի թռչունների վաճառքով: Նրա հետ շփված անձանց մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել, հաղորդում է «Սինխուան»:
Այսօր երկու նոր հիվանդների մասին հայտնեցին Շանհայի իշխանությունները: Շանհայում ոչնչացվել է 98 հազար հավ, քաղաքում արգելվել է ընտանի թռչունների վաճառքը:
Ինչպես կարծում են ՉԺՀ գյուղնախարարության փորձագետները, գրիպի նոր վարակը կարող էին իրենց հետ բերել չվող թռչունները: Գլխավոր անասնաբուժական տեսուչ Յուի Կանչենը հայտնել է, որ հիվանդության աղբյուրը «նախկինի պես անհայտ է մնում», ինչպես եւ փոխանցման եղանակը: ՉԺՀ սահմաններից դուրս վարակը չի հայտնաբերվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























