Իսրայելի հետ բանակցությունների գործընթացը վերսկսելու համար Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մի շարք պայմաններ է ներկայացրել: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Պաղեստինը բանակցությունները կվերսկսի, եթե Իսրայելը դադարեցնի Պաղեստինի տարածքում ակտիվ շինարարություններն ու բանտերից ազատ արձակի պաղեստինցիներին:
Ապրիլի 7-ին Ռամալլահում Մահմուդ Աբասը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ընթացիկ տարվա մեջ դա նրանց չորորդ հանդիպումն էր: ԱՄՆ պետքարտուղարը ցանկանում է, որ Իսրայելն ու Պաղեստինը վերսկսեն բանակցությունները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, բացի այդ, Պաղեստինի նախագահը ցանկանում է, որ մինչեւ բանակացությունների վերսկսումն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներկայացնի Պաղեստին պետության ապագա սահմաններով քարտեզը: Նա ընդգծել է, որ պաղեստինցիները ձգտում են 1967 թվականի սահմաններով պետություն ունենալ, որի մայրաքաղաքը կլինի Արեւելյան Երուսաղեմը:
Ջոն Քերրին Ռամալլահ է մեկնել անմիջապես Իսրայել ժամանելուց հետո, այնուհետեւ Երուսաղեմ է վերադարձել, որտեղ այսօր` ապրիլի 8-ին, կմասնակցի Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաեւ կհանդիպի հրեական պետության ղեկավար Շիմոն Պերեսի հետ: Նույն օրը նա ծրագրել է Ռամալլահում հանդիպել Պաղեստինի վարչապետ Սալյամ Ֆայադի հետ, իսկ ապրիլի 9-ին` Լոնդոն մեկնելուց առաջ, պետքարտուղարը կբանակցի Իսրայելի ղեկավարի հետ:




























