ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Թրոյ քաղաքի այգիներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կկանգնեցնեն:
Հայ համայնքի ներկայացուցիչները եւ պաշտոնատար անձինք այգում հավաքվել են ապրիլի 7-ին՝ հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու համար: Քահանա Ստեփանոս Դուդուկչյանը աղոթք է կարդացել Ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է տեղի The Troy Record պորտալը:
Հուշարձանի նախագիծը հավանության էր արժանացել 8 տարի առաջ: 2005 թվականին ստեղծվել էր հանձնաժողով, որը զբաղվում է հուշարձանի հարցերով: «Մենք շատ հպարտ ենք, որ կարողացանք անել դա»,-ասել է նախագծի նախաձեռնողներից մեկը՝ Ռալֆ Ենոքյանը:
Ենոքյանի պապն ու տատը զոհվել են ցեղասպանության ժամանակ: Նրա մորը եւ մորաքրոջը հաջողվել է կենդանի մնալ՝ փախչելով Օսմանյան կայսրությունից: Նրանք ապրել են տարբեր մանկատներում՝ նախքան ԱՄՆ հասնելը:
Հայերն սկսել են Թրոյ ժամանել նախորդ դարի սկզբից եւ մինչ օրս նրանք մեծ դեր են խաղում քաղաքի կյանքում: Այստեղ հիմնադրվել է Ամերիկայում հայկական երկրորդ եկեղեցին:



























