Այսօր՝ ապրիլի 8-ին, Հաննովերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել հանդես գալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թարգմանչի դերում՝ նրանց համատեղ ասուլիսում:
«ՌԻԱ նովոստիի» թղթակցի հարցի ժամանակ տեխնիկական պատճառով Մերկելը չի լսել թարգմանությունը եւ Պուտինը թեքվելով Մերկելի կողմը թարգմանել է լրագրողի հարցը, որը վերաբերել է Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների ստուգումներին եւ Կիպրոսում ֆինանսական խնդիրների լուծումներին:
Ինչպես հաղորդում է НТВ-ն, ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բանկերի ավանդների առգրավման եղանակով դժվար վիճակից դուրս գալու կիպրոսյան սցենարը եզակի դեպք է: Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը որոշել է վերակառուցել Կիպրոսին տված 2,5 մլրդ դոլարի վարկը:
Հարց է հնչել նաեւ Femen շարժման ակտիվիստուհիների կիսամերկ ակցիայի մասին, որը նրանք հաջողացրել են կազմակերպել Հաննովերի տոնավաճառում, Պուտինի եւ Մերկելի անմիջապես դիմաց: Պուտինը ժպիտով ասել է, որ ակցիան իրեն դուր է եկել եւ որ ինքն իմացել է, որ նման բան է կազմակերպվում:
«Ինչ էին նրանք այնտեղ բղավում, անկեղծ ասած, ես այնքան էլ չէի լսում, որովհետեւ անվտանգության աշխատակիցները շատ խիստ են աշխատում: Նման առողջ ճակատներ են հարձակվել աղջիկների վրա: Դա, ինձ թվում է, ճիշտ չէ, կարելի էր ավելի մեղ վարվել նրանց հետ: Ես նույնիսկ չտեսա, նրանք շիկահեր են, թե՝ թխահեր»,-ասել է Պուտինը:
Միաժամանակ նա կասկած է հայտնել, որ նման ակցիաները կարող են ծառայել քաղաքական նպատակների, իսկ եթե նույնիսկ կարող են, ապա ավելի լավ է խոսել հագուստով:



























