Հայասռանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 8-ին, ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության կուսակցական հարցերի համակարգող, Լորդերի պալատում արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների եւ կառավարության աշխատակազմի հարցերով կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլլեսին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը կարեւորել է վերջին շրջանում բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ լորդ Ուոլլեսը նշել է, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու մեջ։
Նախարար Նալբանդյանն ու լորդ Ուոլլեսը արձանագրել են երկուստեք շահագրգռվածությունը երկու երկրների միջեւ գործընկերության առավել խորացման եւ ընդլայնման վերաբերյալ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ շրջանակներում ընթացող գործընթացները:
Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Այս առումով լորդ Ուոլլեսն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:




























