Հայաստանի ոստիկանությունը երեկ ուշ երեկոյան ազատ է արձակել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին, որոնք ձերբակալվել էին խաղաղ երթին մասնակցելու համար:

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը NEWS.am-ն հայտնեց, որ երեկոյան ազատ են արձակվել Արեգ Գեւորգյանը, անչափահաս Սարգիս Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Վահագն Գեւորգյանն ու Վարագ Նահապետյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 19-ին բռնություն է գործադրել ՀԱԿ-ի կազմակերպած ամենաշաբաթյա երթի մասնակիցների նկատմամբ եւ նշված երիտասարդներին բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Երկու երիտասարդի՝ Սարգիս Խաչատրյանին եւ Տիգրան Առաքելյանին, տեղափոխել էին հիվանդանոց:

Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արտաքին քաղաքական ձախողումների ծանրացող բեռի տակ, ներսում սոցիալական ընդվզման բարձրացող ալիքից տագնապած, վարչախումբը կորցրել է ինքնատիրապետումը ու դիմում է հոգեվարք ենթադրող ոչ ադեկվատ քայլերի: „ՍԻԼ“ կոնցեռնի գրասենյակ ներխուժելուց հետո սա արդեն երկրորդ նմանօրինակ դեպքն է: Նման մեղկ գործողություններով նա փորձում է ահաբեկչական մթնոլորտ ստեղծել՝ հնարավորինս նվազեցնելու համար Մարտի 1-ին նշանակված համահանրապետական հանրահավաքի մասնակիցների թիվը: Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, դա հանգեցնում է տրամագծորեն հակառակ արդյունքի»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի