Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտոդական առաքելությունը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին հետեւելու համար Հայաստան կժամանի ապրիլի  վերջին: Այս մասին նշել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցմանը, թե արդյոք Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսին պաշտոնապես հրավեր ուղարկվել է:

Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերյան ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետեւում էր նաեւ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը:

«Դեռ փետրվարի 20-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից դիմել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Ստաային` կոնգրեսի դիտորդական խմբին պաշտոնապես հրավիրելով դիտարկելու 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը:

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի` մարտի 17-18-ին կայացած նիստում հարցը քննարկվել է: Մեր տեղեկություններով, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտոդական առաքելությունը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին հետեւելու համար Հայաստան կժամանի ապրիլի  վերջին»,-ասել է Արմեն Գեւորգյանը: