Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ, Երեւանում Բրիտանական դեսպանատանը տեղադրված է զգո մատյան եւ ցանկացողները կարող են գալ ու գրառել իրենց ցավակցական ուղերձները:
Նման ցանկություն հայտնողները կարող են այցելել դեսպանատուն ապրիլի 9-ին եւ 10-ին, ժամը 09.00-16.30-ին, նաեւ ապրիլի 12-ին, ժամը 09.00-12.00-ին:
Ավելի վաղ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը ցավակցել էր Մարգարեթ Թետչերի մահվան կապակցությամբ: Իր ուղերձում նա նշել էր, թե իր խիզախությամբ եւ վճռականությամբ Մարգարեթ Թետչերը ոգեշնչում էր մարդկանց ողջ աշխարհում:
«Հայաստանում հիշելու են, թե ինչպես 1991թ. իր այցի ժամանակ նա երկրաշարժից տուժած Գյումրիում աբցեց Բայրոնի անվան դպրոցը»,- նշել է դեսպանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «Երկաթյա լեդի» Մարգարեթ Թեթչերը մահացել է ապրիլի 8-ի առավոտյան, 87 տարեկան հասակում: Նրա պաշտոնական ներկայացուցիչ Լորդ Բելլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Թետչերը մահացել է ուղեղի կաթվածից, հայտնում է BBC-ն:
Մարգարետ Թետչերը Մեծ Բրիտանիայի առաջին եւ առայժմ միակ կին վարչապետն է, ով ղեկավարել է 1979-90 թվականներին: Կոշտ բնավորության համար նրան անվանում էին «Երկաթյա Լեդի»: Նա անընդմեջ երեք ընտրություն է հաղթել, բայց ստիպված էր հրաժարական տալ` նախքան չորրորդ ընտրությունը:
10 տարի առաջ նա մի քանի միկրոինսուլտներ էր տարել, եւ դրանից հետո տառապում էր հիշողության կարճաժամկետ կորստյամբ ու հազվադեպ էր հայտնվում հասարակության մեջ:



























