ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում, 80 տարեկան հասակում, սրտի անբավարարությունից մահացել է «Business Life» ամսագրի հիմնադիր եւ տեղի հայ համայնքի ղեկավար Ջոն Քրիքորյանը: Այս մասին հաղորդում է «Glendale News-Press»-ը:

2011 թվականի վերջին Քրիքորյանը սրտի կաթված է ստացել եւ ընկել Գլենդելի հրշեջ դեպարտամենտի կազմակերպած հրապարակային միջոցառման ժամանակ: Նա ներկա է եղել միջոցառմանը, որպեսզի ստանա «Հասարակությանը ծառայելը ինձնից վեր է» շքանշանը: Այն ժամանակ բժիշկներին հաջողվել էր փրկել Քրիքորյանի կյանքը:

Ջոն Քրիքորյանը ծնվել է Քնեքթիքութ նահանգի Հարդֆորդ քաղաքում, 1932 թվականի օգոսոտոսի 24-ին: Նրա ծնողները որբ էին մնացել Հայոց ցեղասպանության հետեւանքով: 1951-53 թվականներին Քրիքորյանը ծառայել է ամերիկյան բանակում եւ մասնակցել կորեական պատերազմին: Նա ամուսնացել է 1956-ին, իսկ 1989-ին  ընտանիքով տեղափոխվել է Գլենդել:

Վերջին 23 տարում Ջոն Քրիքորյանն աշխատել է «Business Life» ամսագրում: Մահից հետո մնացել են կինը, 6 որդիները, երկու դուստրերն ու 23 թոռները:

Գլենդելի նախկին քաղաքապետ Կարլ Ռաջոն ասել է, որ Քրիքորյանի կորուստը ողջ ժողովրդի կորուստն է: «Գլենդելը կզգա նրա սուր պակասը, նա քաղաքին նվիրվածության օրինակ էր»,-ասել է Ռաջոն: