Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան մտադիր է հասնել Անվտանգության գերագույն խորհրդի գումարման, որպեսզի որոշում կայացվի Հայաստան եւ Ուկրաինա առաքելու համար նախատեսված լատվիական Latspeceksports ընկերության արտադրած սպառազինությունը ուղարկելու հարցով: Այդ մասին գրում է «Օմեգան»:

«Այժմ, ունենալով դատախազության որոշումը, ես անձամբ կտեղեկացնեմ Մոլդովայի նախագահին եւ գործող կառավարությանը եւ կխնդրեմ Անվտանգության գերագույն խորհուրդ հավաքել` պարզելու, թե ինչ ենք անելու: Ես կառաջարկեմ մինչեւ վերջ կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, քանի որ գումարի զգալի մասը մեզ է փոխանցվել 2011թ.»,- նշել է նախարարը:

Ապրիլի 4-ին Omega գործակալությունը հայտնել էր, թե գլխավոր դատախազությունը «հանցադեպի բացակայության» պատճառաբանությամբ կարճել էր քրգործը Հայաստանի եւ Ուկրաինայի համար նախատեսված զենքի վերաբերյալ: «Առաքման ենթակա են 11 հատ 9П140 զրահամեքենա` սպառազինված 220 մմ «Ուրագան» հրթիռներով, 12 հատ տրանսպորտային «Ուրագան» մակնիշի մեքենա, 27 ինքնագնաց համակարգ, 219 հակատանկային հրթիռ եւ այլն: Ողջ տեխնիկան, բացառությամբ 1,5 հազա C-8 հրթիռների, կուղարկվի Ուկրաինա, իսկ հրթիռները կառաքվեն Հայաստան»,- նշել է գործակալությունը:

Հիշեցնենք, որ սկանդալը ծագել էր, երբ պարզվել էր, որ Մոլդովայի ՊՆ-ն գաղտնի գործարք էր կնքել լատվիական ընկերության հետ, որը զենք վաճառելու թույլտվություն չուներ: