Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին, ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում` նախագահը հույս է հայտնել, որ այս այցը խթան կհանդիսանա հայ-ռումինական քաղաքական երկխոսության ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Ռումինիայի խորհրդարանի պալատի նախագահը վերընտրման կապակցությամբ վերստին շնորհավորելով նախագահ Սերժ Սարգսյանին՝ վստահեցրել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը եւ մասնակցությունը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը վկայում է Հայաստանի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելու՝ Ռումինիայի պատրաստակամության մասին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ փոխայցելությունների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: