Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերի այցն Ազգային ժողով՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, նշելով, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը դինամիկ զարգացում ունի՝ համոզմունք հայտնել է, որ ներկա այցելությունը կնպաստի հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների հատագա ամրապնդմանն ու զարգացմանը: «Լիահույս եմ, որ Ձեր ներկայիս այցը հիանալի առիթ կհանդիսանա ոչ միայն նոր լիցք հաղորդելու հայ-ռումինական միջխորհրդարանական, այլ նաեւ միջպետական հարաբերություններին»,-նշել է ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը երկկողմ համագործակցության առավել աշխուժացման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունն ամենատարբեր՝ խորհրդարանների ղեկավարների, բարեկամական խմբերի, հանձնաժողովների, աշխատակազմերի մակարդակներով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վալերիու Զգոնեան նշել է, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցությունը եւս մեկ վկայություն է, որ մեծ է ռումինական կողմի ցանկությունը Հայաստանի հետ ամուր փոխհարաբերություններ ունենալու: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը, նշելով, որ հենց օրեսդիր կառույցներն են ստեղծում այլ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում փոխգործակցության նպաստավոր դաշտը: Վալերիու Զգոնեան անդրադարձել է այն հեռանկարներին, որ կարող են բացվել ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու եւ փոխանցելու եվրաինտեգրման ռումինական փորձը: Նա նշել է այն ոլորտները, որտեղ կողմերը կարող են արդյունավետ համագործակցել՝ ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության: Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահը տեղեկացրել է հայ-ռումինական գործարար համաժողով կազմակերպելու նախաձեռնության մասին, որը, ըստ նրա, հնարավորություն կտա անմիջական փոխգործակցություն հաստատել գործարար շրջանակների միջեւ: Հովիկ Աբրահամյանն իր հերթին պատրաստակամություն հայտնել է աջակցելու համաժողովի կազմակերպմանը:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բավական ակտիվ է եվրաինտեգրման գործընթացներում եւ զգալի առաջընթաց է արձանագրել: Նա եւս կարեւորեց երկու երկրների ներկայացուցիչների սերտ համագործակցության անհրաժեշտությունը եվրոպական կառույցներում, մասնավորապես Եվրամիության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հայկական կողմի ցանկությունն է, որ Ռումինիան որպես ԵՄ լիիրավ անդամ իր դրական ներգրավվածությունն ունենա նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման եւ հետագա զարգացման գործում: Նա հույս է հայտնել, որ Ռումինիան ԵՄ անդամակցության իր հաջող փորձը կփոխանցի Հայաստանին եւ կաջակցի ԵՄ նոր հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերի: Մասնավորապես Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է հայ-թուքական գործընթացը, որտեղ ի պատասխան Հայաստանի՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելու պատրաստակամությանը, Թուրքիան հակադրում է նախապայմանների քաղաքականությունը, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ ունեցած սահմանը:
Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը ընդգծել են Ռումինիայի հարգված եւ բավականին ազդեցիկ համայնքի դերը, որն ակտիվ ներգրավվածություն ունի Ռումինիայի հասարակական- քաղաքական կյանքում:



























