Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 9-ին հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Նա հույս է հայտնել, որ այս մակարդակի այցերը կնպաստեն Հայաստանի եւ Արգենտինայի հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխգործակցության ակտիվացմանը: Նա բարձր է գնահատել է հայ-արգենտինական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականությունը:

Ազգային ժողովի նախագահի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմքեր են ստեղծում առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում լիարժեք համագործակցության համար: Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալով Արգենտինան թեեւ առաջավոր դիրքերում է, բայց, ըստ Հովիկ Աբրահամյանի, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները դեռեւս չեն համապատասխանում առկա ներուժին, եւ անհրաժեշտ է նոր ուղիներ փնտրել այդ հնարավորությունները կյանքի կոչելու համար: Նա կարեւոր է համարել Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների հետ զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները՝ այդ գործում կարեւոր դեր վերապահելով պատգամավորական բարեկամության խմբերին ու նրանց ակտիվ համագործակցությանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ Միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Արգենտինայի համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ գոյություն ունեցող փոխըմբռնումն ու փոխադարձ աջակցության պատրաստակամությունը: Հովիկ Աբրահամյանը երկկողմ կապերի ամրապնդման եւ ընդլայնման գործում բարձր է գնահատել Արգենտինայի հայ համայնքի դերը եւ շնորհակալություն հայտնեց հայերի հանդեպ Արգենտինայի իշխանությունների որդեգրած քաղաքականության համար:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նախապատմությանը, կատարված պատմական անարդարությանը, իր պատմական հողի վրա ապրելու ու արարելու՝ արցախյան ժողովրդի վճռականությանն ու միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ հավելելով, որ Հայաստանը եղել եւ մնում է ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից: ԱԺ նախագահը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին:

Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար եւ շնորհավորել հայ ժողովրդին ՀՀ նախագահի ընտրության ու նրա երդմնակալության կապակցությամբ:

Նա կարեւորել է հայ-արգենտինյան միջպետական տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը: Անդրադառնալով Արգենտինայի երկուհարյուրամյա պատմությանը՝ նա արձանագրել է, որ այդ պատմությունը կերտվել է նաեւ հայերի օգնությամբ ու անգամ՝ արյամբ, եւ այսօր հայերը մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում եւ տնտեսության մեջ: Ամադո Բուդուն իր երկրի իշխանությունների անունից Հայաստանի հետ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն է հայտնել: Նա բարձր է գնահատել նաեւ տարածաշրջանային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումն ու պատրաստակամությունը:

Արգենտինայի Սենատի նախագահը Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Արգենտինա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ հույս հայտնել, որ հավանաբար ընթացիկ տարում տեղի կունենա Հայաստանի համար կարեւոր այդ այցը: Նա նույնպես Արգենտինայի Սենատի նախագահին պաշտոնապես հրավիրել է Հայաստան: