Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի գիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության գծով դեսպան Շին Մարուոյին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է բարեկամական Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա զգալի խթան է հանդիսացել հայ-ճապոնական համագործակցության զարգացման եւ ամրապնդման համար, եւ Տոկիոյում ձեռքբերված պայմանավորվածությունները ակտիվորեն կյանքի են կոչվում: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրած տեխնիկական աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մարուոն նշել է, որ հատկապես գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, եւ կողմերը նշանակալի քայլեր են ձեռնարկել եւ ձեռնարկում այն օգտագործելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:



























