Հայ-սլովակյան առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի ապրիլի 8-10-ը Հայաստան կատարելիք այցի շրջանակներում, այսօր՝ ապրիլի 9-ին, Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր Հայաստան-Սլովակիա գործարար համաժողով:
Պարոն Լայչակի գլխավորած պատվիրակության կազմում էին մի շարք սլովակ գործարարներ, որոնք ներկայացնում էին հետեւյալ ոլորտները՝ բանկային ոլորտ, էլեկտրաէներգիա եւ ջրամատակարարում, ճանապարհաշինություն, ալյումինե եւ մետաղյա պրոֆիլների արտադրություն, ներդրումներ եւ առեւտուր, շինարարություն (ջերմային, էլեկտրակայան) եւ այլն:
Գործարար համաժողովին նաեւ ներկա էին ՀՀ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Միգաշ Յոզեֆը, պատվավոր հյուպատոս պարոն Գագիկ Մարտիրոսյանը:
Դեսպան Միգաշ Յոզեֆը նախ ողջունեց հյուրերին եւ շնրհավորեց ՀՀ նախագահի երդմնակալության օրվա առթիվ: Նշեց, որ չնայած երկու երկրների տնտեսական հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են, առեւտրաշրջանառությունը բավականին զիջող դերում է, սակայն առկա է տնտեսական հարաբերությունների զարգացման լուրջ պոտենցիալը:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին շնորհանդեսներ Հայաստանի եւ Սլովակիայի ներդրումային միջավայրերի վերաբերյալ:
Անցկացվեցին անհատական բիզնես հանդիպումներ համապատասխան ոլորտներ ներկայացնող հայ գործարարների հետ:
Հայաստանի Հանրապետության եւ Սլովակիայի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 8.3 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 21.6%-ով: Արտահանումը կազմել է 227 հազ. ԱՄՆ դոլար (աճելով 5.3 անգամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ), իսկ ՀՀ ներմուծումը Սլովակիայից` 8.1միլիոն ԱՄՆ դոլար (նվազելով 23.5%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ):
Սլովակիա է արտահանվել հիմնականում ոգելից եւ ոչ ոգելից ըմպելիքներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական մասեր, օպտիկական, լուսանկարչական չափիչ, բժշկական կամ վիրաբուժական սարքեր եւ ապարատներ, աղ, ծծումբ, հող եւ քար, սվաղման նյութեր, կրաքար եւ ցեմենտ (0.3 հազար ԱՄՆ դոլար):
Ներմուծվել է հիմնականում էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, ձայնագրող ապարատներ եւ դրանց, վերգետնյա տրանսպորտային միջոցներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական մասեր, օպտիկական, լուսանկարչական չափիչ, բժշկական կամ վիրաբուժական սարքեր եւ ապարատներ թուղթ, ստվարաթուղթ:
2010թ.-ին տեղի ունեցած հայ-սլովակյան գործարար համաժողովի շրջանակներում հուշագիր էր ստորագրվել առեւտրատնտեսական համագործակցության մասին:




























