Ցավոք, նախագահի աթոռին Սերժ Սարգսյանի գտնվելու երկու տարվա ընթացքում հնարավոր չէ որեւէ փաստ մատնանշել, որ հնարավոր կլիներ անվանել Հայաստանի երրորդ նախագահի քաղաքականության ձեռքբերում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ես շատ կցանկանայի մատնանշել թեկուզ ինչ-որ իրադարձություն եւ ասել, որ դա Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության ձեռքբերումն է, բայց, ցավոք, այդպիսիք չկան»,- նկատեց ընդդիմադիրը: Ի հակակշիռ՝ նա նշեց երրորդ նախագահի քաղաքականության, իր կարծիքով, ձախողումներն ու սխալները: «Հանրության կողմից կառավարող վարչախմբի առջեւ դրված եւ ոչ մի հարց իր լուծումը չի գտել»,- հավաստիացրեց Մարտիրոսյանը: Սերժ Սարգսյանի քաղաքականության հիմնական ձախողումների թվում նա նշեց քաղաքական եւ տնտեսական համակարգերի չկայացածությունը, Հայաստանի եւ Սփյուռքի իրարից հեռացումը, եւ չափից դուրս կեղծ նախաձեռնողականությունը արտաքին քաղաքականության մեջ, որ Հայաստանի ռազմավարական շահերը դրեցին վտանգի տակ: «Իսկ ամենավտանգավորն այն է, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ անդունդ գոյացավ, որն անթույլատրելի էր: Թուրքիան մշտապես ձգտել է դրան եւ երազել հենց այդ մասին, եւ այսօր, կարծես, նրա երազանքները իրականանում են»,- հայտարարեց Մարտիրոսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ դեռ չեն տրվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված հարցերի պատասխանները, եւ դա եւս Սերժ Սարգսյանի կառավարման ձախողումներից է:
Խորհրդարանի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը, հակառակը, ընդգծեց, թե վերջին երկու տարում Հայաստանը, Սերժ Սարգսյանի քաղաքականության շնորհիվ, մեծ արդյունքների է հասել: «Առաջին հերթին, հարկ է նշել, որ Սերժ Սարգսյանը գործում էր բարդ քաղաքական պայմաններում, նվազագույնը նրա կառավարման առաջին տարին ներքաղաքական իմաստով շատ դժվար էր: Եւ եթե առաջին տարին կարելի է անվանել Հայաստանում ներքաղաքական կայունություն հաստատելու տարի, երկրորդ տարին նշանավորվեց արտաքին քաղաքականության ոլորտում նախաձեռնողական քայլերով»,- հայտարարեց Նիկոյանը՝ ընդգծելով, որ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը ձեռքբերում են Հայաստանի համար: Նրա խոսքով, ներքաղաքական կայունության հաստատումն ու նախաձեռնողականությունը արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը գործոն դարձրին միջազգային ասպարեզում եւ բարձրացրին հանրապետության իշխանությունների հեղինակությունը միջազգային գործընկերների աչքում: «Շնորհիվ նախագահի վարած քաղաքականության՝ միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին դիտարկում է որպես վստահելի եւ կայուն գործընկեր»,- ամփոփեց փոխնախագահը:
Նշենք, որ փետրվարի 19-ին լրացավ երկու տարին այն օրից, երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ:




























